ՊԵԿ նախագահը հանդիպում է Շվեդիայի հարկային գո...

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները։

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը խորացնելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին, գործառնական ռիսկերի կառավարման համակարգին, հարկային ստուգումներին, տեղեկատվության ավտոմատ փոխանակմանն, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ու բարելավմանը։

Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները նշել են, որ փաստահավաք երկրորդ այցի շրջանակում նախատեսվող հանդիպումներից հետո կներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Շվեդիայի հարկային գործակալության միջև երկկողմ համագործակցության ծրագրի նախագիծը՝ սահմանելով հետագա համագործակցության տեսլականը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ հաստատված երկկողմ համագործակցությունը հիմք կհանդիսանա հետագա երկարաժամկետ ծրագրերի ձևավորման համար՝ նպաստելով հարկային վարչարարության բարելավմանը, հարկային կարգապահության բարձրացմանը և արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը։