Պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցությունն ամրագրվել է համատեղ փաստաթղթով, որով ուղենշվել են առաջիկա տարիների գործակցության առաջնահերթությունները։
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, կառույցի նախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև։ Հուշագրի նպատակն է ամրապնդել գործատու–բուհ համագործակցությունը՝ ստեղծելով կրթության և մասնագիտական փորձառության զարգացման արդյունավետ հարթակ։ Համագործակցությունը միտված է ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը և պետական կառավարման համակարգում նորարար նախաձեռնությունների խթանմանը։
«Համագործակցության հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլև նոր մտածողության և նոր ճանապարհի մեկնարկ՝ համահունչ այն արժեքային վերափոխումներին, որ այսօր իրականացվում է ՊԵԿ-ում՝ տեսլականի և առաքելության հիմքով։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ՊԵԿ համագործակցությունը դառնում է ոչ միայն կրթական, այլև անմիջական շփման և նոր նախաձեռնությունների հարթակ։ ՊԵԿ-ում մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդ մասնագետների ներգրավմանը, քանի որ հենց նոր սերունդն է ձևավորում նորարար մտածողություն և պետական համակարգի զարգացման ապագան»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
Ողջունելով ՊԵԿ նախագահին և ներկաներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է պետական հատվածի հետ համագործակցությունը և ընդգծել, որ մայր բուհը պետությունից առանձին կառույց չէ, այլ պետական համակարգի մի մաս, որի առաքելությունն է որակյալ կրթությամբ նպաստել երկրի և մասնավոր հատվածի առաջընթացին, և այդ տեսանկյունից՝ ՊԵԿ-ը կարևոր գործընկեր է համալսարանի համար, քանի որ ԵՊՀ ուսանողներից շատերը աշխատանք են գտնում հենց ՊԵԿ–ում։
Համագործակցության շրջանակում կիրականացվեն պրակտիկաներ, փորձնակության ծրագրեր, կրթական ու գիտական համատեղ նախաձեռնություններ, սեմինարներ և մասնագիտական այլ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրմանը։
ՊԵԿ նախագահը մայր բուհում նաև հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ և ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին՝ սկսած ուսումնառության տարիներից մինչև պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը․
«Դու ես քո ճանապարհի կերտողը և, հետևաբար, նախ պետք է կարողանալ առաջնորդել ինքդ քեզ, իսկ առաջնորդությունը, ղեկավարությունը սկսվում է ոչ թե պաշտոնից, այլ պատասխանատվությունից, նախաձեռնողականությունից, շարունակական ինքնակրթությունից, անձնական առաքելության ձևակերպման և ինքդ քեզ առաջնորդելու կարողությունից»։
Էդուարդ Հակոբյանն ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայողության առանձնահատկությունները, ընդգծելով որ պետական համակարգը հասարակության զարկերակն է, և այստեղ աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ծառայելու հանրությանը և նպաստելու երկրի զարգացմանը, սեփական գիտելիքը վերածելու իրական արդյունքի։ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ շատերի համար օրվա հանդիպումը կլինի մոտիվացնող և օգտակար՝ ուսանողից առաջնորդի կայացման ճանապարհին։
Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով՝ հարկային և մաքսային ոլորտների մարտահրավերներից մինչև մասնագիտական զարգացման հնարավորություններ։ Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորն Էդուարդ Հակոբյանին նվիրել է բուհի ուսանողների կողմից պատրաստված հուշանվեր։



