
Բրյուսելում Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Ֆարսին Աղաբեկյանը հայտարարել է, որ Իսրայելը գործողություններ է իրականացնում՝ ուղղված Երուսաղեմի և նրա սուրբ վայրերի բռնակցմանն ու հուդայականացմանը։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների և Եվրամիության հարավային շրջանում գտնվող երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հորդանան գետի Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմը, տիրում է մտահոգիչ իրավիճակ»,- նշել է պետնախարարը։ Նրա խոսքերով՝ Իսրայելը Արևմտյան ափին տեղադրել է ավելի քան 900 ռազմական անցակետ։ «Իսրայելը շարունակում է ագրեսիան, հատկապես Արևմտյան ափի հյուսիսային շրջաններում և փախստականների ճամբարներում, ինչը հանգեցրել է լայնածավալ ավերածությունների։ Բացի այդ, Երուսաղեմը և նրա սուրբ վայրերը ենթարկվում են բռնակցման և հուդայականացման ամենածայրահեղ ձևերին։ Ընդ որում, մեծ հրեական բնակավայրերն ավելի են առանձնացնում քաղաքը նրա պաղեստինյան արվարձաններից»,- հայտարարել է Աղաբեկյանը։