
Լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն արագ Ուկրաինա ուղարկելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մենք սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման գործում։ Ինձ հրահանգ է տրվել հնարավորինս շուտ դրանք փոխանցել», - նշել է Գրինկևիչը Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաև նշել է, որ Եվրոպայում արդեն իսկ գտնվող համակարգերը կարելի է մատակարարել ավելի արագ, քան ձեռք բերել արտադրողից։
«Սակայն դրանից հետո արտադրությունը կարելի է օգտագործել՝ լրացնելու այն պաշարները, որոնք մյուսները տրամադրում են», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը։
Նա նաև նշել է, որ տրամադրվող Patriot-ներին կհաջորդեն մյուսները, և «մենք պատրաստվում ենք շարժվել որքան հնարավոր է արագ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս խստացրել է դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և խոստացել Կիևին տրամադրել նոր հրթիռներ և այլ սպառազինություն։ Թրամփը հայտարարել է, որ Patriot-ի որոշ հրթիռներ, որոնք ուղարկվում են Գերմանիայից, արդեն ճանապարհին են։
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ հաջորդ շաբաթ Գրինկևիչի նախագահությամբ կարող է տեղի ունենալ Patriot համակարգեր ունեցող երկրների և Ուկրաինայի դոնորների միջև հանդիպում, որի նպատակն է Կիևի համար լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցներ գտնելը։
Գերմանիան արդեն իր սեփական Patriot-ներից երեքը տրամադրել է Կիևին։