Պատրաստակամ ենք շարունակելու սերտ համագործակց...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից են։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ՀՀ Կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն:

Կայսա Օլոնգրենը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը։