Պատրաստ ենք շարունակել նաև Հայաստանի և Վրաստա...

Քննարկել ենք տնտեսության հարցերը, տարանցիկ փոխադրումների հարցերը, կարող ենք նշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը՝ այդ թվում Հայաստանն ու Վրաստանը: Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում պետք է նշենք Ադրբեջանը: Բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից, խաղաղության խաչմերուկից, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տնտեսական, տրանսպորտային երեք երկրների միջև: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կառավարության դիրքորոշումը նույնն է, մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին, դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը, գիտեք, ձեռքբերումները և պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում ևս: Իմիջիայլոց, մենք նույն  հավատամքը և նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում և  պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»,- նշեց նա: