Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի...

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ Երևանի և Թբիլիսիի համագործակցությունն ամուր հենքի վրա է դրված, և վրացական կողմը պատրաստ է ավելի ընդլայնել երկկողմ գործընկերության մակարդակը։ 

Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի միջև 2024 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համաձայնագրի արդյունքներին։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ այն հարաբերությունները և գործընկերության մակարդակը, ընկերությունը և բարեկամությունը, որոնք գոյություն ունեն Երևանի և Թբիլիսիի միջև, եղել են դարեր շարունակ։

«Այսօր մենք էլ ավելի ենք խորացնում այդ ամենը և դեպի ապագա ենք տանում։ Մենք շատ ուրախ են, որ դա անվանում ենք ռազմավարական գործընկերություն։ Սա ունի մեծ ներուժ՝ էլ ավելի ընդլայնելու բովանդակությունը, տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները»,-նշեց Մակա Բոճորիշվիլին։

Նա նաև հավելեց, որ կողմերը կխթանեն գործընկերությունը, որպեսզի տարածաշրջանում կողմերի շահերն ավելի լավ ներկայացված լինեն ընդհանուր հանրությանը։

«Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցությունն ամուր, հիմնաքարային հենքի վրա է դրված զանազան ոլորտներում։ Պատրաստ ենք էլ ավելիին հասնելու, ընդլայնելու և հարստացնելու այս հարաբերություններն ու ռազմավարական գործընկերության մակարդակը»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում կնքել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։