Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգ...

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հայկական և ադրբեջանական կողմերին քաջալերում է անդրադառնալ սահմանագծմանն ու սահմանազատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը:

ԵԱՀԿ գործող նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Նա նախ ընդգծեց, որ այսօր, սակայն նախկինում ևս ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են Հայաստանի մտահոգությունների մասին՝ Լաչինի միջանցքի և բնակչության կյանքի վրա դրա ազդեցության մասին:

«Ընթացիկ իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան այս համատեքստը ընդհանուր առմամբ մնում է գերակայություն ԵԱՀԿ-ի համար, նաև ինձ համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ»,-ասաց Բույար Օսմանին:

Օսմանին Հայաստան այցից առաջ՝ նախորդ օրը հանդիպումներ է ունեցել նաև Բաքվում:

«Որպես նախագահ՝ մենք ձգտում ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություններ են պատճառում Հայաստանին ու Ադրբեջանին:  Մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի մեխանիզմներով ու կառույցներով, նոր գաղափարներով ու մոտեցումներով, որ հասնենք այդ նպատակին: Ի վերջո, խոսքը վերաբերում է ժողովրդին, մարդկանց, այդ իսկ պատճառով ես կշարունակեմ քաջալերել բոլոր կողմերին՝ երկխոսությամբ ու բանակցությամբ առաջ ընթանալու, ոչ թե ուժով և հարկադրությամբ՝ վեճերի լուծման ուղղությամբ: Մենք աջակցում ենք ցանկացածի ջանքի, որը դրական դինամիկա կբերի՝ իրականացնելու նախկինում համաձայնեցված միջոցառումների ողջ իրականացումը և բացահայտելու համաձայնության նոր ոլորտներ»,-ասաց նա:

ԵԱՀԿ գործող նախագահը քաջալերում է անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսին են սահմանաագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները: Իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ Օսմանին սատարում է ցանկացած ջանք, որը կտանի խաղաղության և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կդյուրացնեն երկխոսությունը, կնվազեցնեն լարվածությունը, կխթանեն վստահությունը՝ տանելու հարաբերությունների կարգավորման:

Ընդգծելով, որ ինքը գալիս է մի երկրից, որը անցել է հակամարտության տառապանքի ուղով՝ նա նշեց, որ Հյուսիսային Մակեդոնիան օգտագործել է բազմակողմ բանակցային հարթակներ՝ լուծելու բարդագույն խնդիրներն իր հարևանների հետ: «Մեր փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացը կարող է լինել բարդ և խրթին, սակայն բարի-դրացիական հարաբերությունների հեռանկարը և հարատև կայունությունն ու բարգավաճումը եկան այդ ամենի արդյունքում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են կիսելու այդ փորձառությունը և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը:

Նա վերահաստատեց ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ Հայաստանին իր ջանքերի և հավակնությունների ուղղությամբ՝ հասնելու կայուն խաղաղության: Նա վստահեցրեց, որ իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ ինքը կաշխատի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունը՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունն այսօրվա անորոշության դարաշրջանում: