Պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ծառայեցնել...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:

Այս մասին ասաց ՀՀ նախագահն Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում Գիտխորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահը նշեց, որ, պաշտոնական դիրքից ելնելով, այս պահին չի կարող շարունակել դասախոսի աշխատանքը, բայց եթե բուհերում  ունենան իր կարիքը, և ինքը  զգա, որ կարիք կա դասախոսության, կունենա  ասելիք,  մշտապես պատրաստ է դա իրականացնել:

«Սպասելիքները  ԵՊՀ-ից շատ մեծ են հասարակության, քաղաքացիների, պետության և իշխանության մոտ, որովհետև, ի վերջո Հայաստանի Հանրապետության զարգացման ներուժը գիտությունը, կրթությունն ու մարդն են.  մենք այլ հնարավորություն չունենք: Ես էլ ձեզանից մեկն եմ և պատրաստ եմ նախագահական  ինստիտուտը ցանկացած հարցում ծառայեցնել կրթության, առավելևս գիտության զարգացմանը: Սա արձանագրված է որպես փաստ, իրականություն, և մենք պետք է կարողանանք այդ ներուժը օգտագործել: Այդ ներուժը օգտագործելու հարցում ձեր ավանդը շատ մեծ է: Այն երիտասարդներն,  ովքեր ավարտում են դպրոցը և գալիս են բուհ, առաջինը տեսնում, լսում ու տպավորվում են դասախոսներից»,-ասաց նախագահը:

Նախագահը անդրադարձավ բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսեց խնդիրների ու մարտահրավերների մասին. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր են կրթված մարդիկ: Եվ նախագահականում, և հատկապես նախարարությունում  ես զգացի, որ մենք լուրջ  մասնագետների պակաս ունենք: Շատերը քննադատում էին  Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությանը կադրերի պակաս ունենալու հարցում, բայց   դրա պատճառը այն չէր, որ դա որևէ մեկի կամակորությունն էր, այլ ուղղակի հասկացանք՝ այն չափանիշները, որ դրել էինք ընտրություն կատարելու համար, դրանց համապատասխանող  մասնագետները  շատ քիչ էին»,- եզրափակեց նախագահը:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման:

Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրեց բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է: