
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձան Հայաստանի քաղաքական իրադարձություններին։
Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն, անդրադառնալով կուսակցության գործունեությանը, ասաց, որ մշտապես հանդես են եկել հայտարարություններով և իշխանությունների նկատմամբ քննադարտություններով։
Խոսելով Ամուլսարի մասին «Ժառանգության» տարածած հայտարարության մասին՝ կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք ուղղակի մտահոգված են եղել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով։
Նրա խոսքով՝ իրենք մտահոգված են եղել նաև Հայաստանի տնտեսական վիճակով, սակայն դա չի նշանակում, որ բնապահպան-ակտիվիստները պետք է ինքնաբացարկ հայտնեն Ամուլսարի հարցում։
«Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր առնչվել են մարտիմեկյան իրադարձություններին, պետք է ցուցմունք տան։
«Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց տեսնում ենք, որ անդրադարձ չկա 10 սպանություններին», - ընդգծեց Հովհաննիսյանը։ Երեք նախագահների եռանկյունի ներքո, ըստ քաղաքական գործչի, պատասխանատվության ոլորտները պետք է ասպարեզ ելնեն։
Ճշտող հարցին, թե գործն իրավակա՞ն ճանապարհով է գնում, թե՞ քաղաքական, Հովհաննիսյանը պատասխանեց, որ չգիտի։ Նա նաև հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ տարածված գաղտնալսումները լուրջ կիքսեր էին։
«Ժառանգության» հիմնադիրը լուրջ փոփոխություններ է տեսնում նոր իշխանությունների օրոք։ «Այս պայքարը պատկանում է բոլոր սերունդներին»,- նշեց նա՝ անդրադառնալով ապրիլ-մայիսյան իրադարձություններից ի վեր տեղի ունեցող գործընթացներին։
Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսքային փոխհրաձգությունը, ըստ Հովհաննիսյանի, պատիվ չի բերում երկուսին էլ։