Փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպաց...

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ  ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, փոխանցում է Rival Times-ը։

Ըստ Բորելի`ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին,  միևնույն ժամանակ կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, ինչը, նրա կարծիքով, կօգնի նվազեցնել լարվածությունը:

«Ես կցանկանայի, որ մենք կարողանանք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա։ Ցավոք, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, այն է՝ քաղաքական ազդեցությունը», – ասել է Բարձր ներկայացուցիչը։

Նշել է, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանի հարցերով հատուկ դեսպանորդ, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպական անդամների հետ, նաև հումանիտար օգնություն են առաջարկում, և դա այն է, ինչ իրենք ի վիճակի են անել։

«Մենք վիճելի տարածքում ռազմական գործողությունների շարունակություն չենք տեսնում, ավելի շուտ տեսնում ենք ներխուժումներ Հայաստանի տարածք։ Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը այս տարածաշրջանում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Սա անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ ԵՄ-ն նաև կոչ է արել Ադրբեջանին հետաքննել ռազմագերիների սպանության կադրերը։ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրենք հետաքննություն կանցկացնեն»,-ասել է Բորելը։