Փաստաթուղթ առայժմ չի ընդունվել․ Միրզոյանն անդ...

Կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման արդյունքներին:

Նա նշել է, որ  «փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը»:

«Քննարկմանը մասնակցող երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը: Շատ հստակ ընկալում կա, որ սա  ներխուժում, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ,  որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Խոսք է եղել նաև ԼՂ հակամարտության մասին: Ադրբեջանի ղեկավարության թեզը, որով նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը նկատել է, որ մի քանի երկրներ դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև:

«Գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել այն երկրներին, ովքեր դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք  մի փոքր ավելի ակնկալիքներ, բայց գաղտնիք չէ, որ դրանք չարդարացան»,- հավելեց նա: