Այո, 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել: Հարց է առաջանում, եթե քրեական վարույթ հարուցում եք, մարդուն մեղադրանք եք առաջակում՝ պետք է գիտակցեք չէ, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել: Հետևաբար՝ քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ քննություն ապահովող մարմին, պետք է ինտենսիվ գործողություն անի: Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ՝ ամեն գնով կալանք պահելու հետ: Այսքան բան, այստեղ ուրիշ բովանդակություն չկա: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Փաստացի 53 քննիչ ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ: Նոյեմբերի 18-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով, քննչական մարմինը պետք է լիներ ամենաակտիվ, ամենաջանասեր մարմինը, բայց ունենք ճիշտ հակառակը՝ ունենք տոտալ անգործություն, ջանասիրության տապալում քննչական մարմնի կողմից: Զուգահեռաբար ունենք դատախազություն, որը կարողանում է հունվարի 5-ին հանձնարարական կամ քննչականին ցուցում տալու փոխարեն՝ հասցնել միայն վերաքննիչ բողոք մուտքագրել, ամեն գնով՝ կալանք պահանջելու համար: Հետևաբար այո, որևէ գործողություն չի եղել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ»,- նշել է նա:



