Փնտրում էին հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարող է այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենային, ամեն ինչ փնտրում էին, առգրավել են Դավիթ և Միքայել Մինասյանների մոր՝ Գայանեի հեռախոսը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ դատարանը 2 ամսով կալանավորման որոշում կայացրեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ։
Նրա խոսքով, քննիչները կարծում են, որ սա նախապես պլանավորված գործողություն է եղել. «Իրենց մեղադրանքը հենց դրա մասին էլ խոսում է։ Չեմ կարող նախաքննական գաղտնիք բացահայտել, շատ-շատ կուզեի, որ այդ որոշումները տայի, կարդայիք, պետք չէր շատ իրավաբան լինել կամ իրավաբանությունից հասկանալ, որպեսզի վերլուծություն անեիք ու եզրահանգումների գայիք, ուղղակի կաշկանդված եմ այս պահին»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ եթե դա պլանավորված գործողություն էր, որտեղի՞ց իրենք գիտեին, որ վարչապետն այդ պահին մտնելու է եկեղեցի, փաստաբանն արձագանքեց. «Աստծուց։ Իմ կարծիքով իրենք որևէ հարցի պատասխան չունեն, դա ոչ թե իմ կարծիքն է, այլ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերն են, հետևությունները թողնում եմ ձեզ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե այս միջադեպը տեղի ունենար ոչ թե վարչապետի, այլ սովորական անձի հետ, արդյոք քրեական գործ կհարուցվեր, Էլբակյանը պատասխանեց. «Հիմա դուք եք միամի՞տ, թե՞ ինձ եք միամիտի տեղ ունենում։ Այդպիսի դեպքեր օրվա մեջ երևի 100 000 անգամ ենք տեսնում։ Հոդվածն էլ է հենց դրա մասին, քաղաքական հոդված է դրված»։
Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։



