
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով: ArmLur.am-ը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե հասկանալու համար, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա ՀՀ քննչական կոմիտեում, եւ ինչ կարգավիճակ ունի նա։
Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է եւս մեկ քրեական գործով, որն արդեն դատարանում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա:
Նկատենք, որ ըստ մամուլի՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաև ունեցել է գրավատուն և այլն»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: