Հայաստանում հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումը, պրոֆեսիոնալ, բարձր ստանդարտների բանակի անցման նպատակադրումը որևէ կերպ չեն հակասում կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
«Շատ կարևոր եմ համարում այն ցուցանիշները, նպատակները, նպատակադրումները, որ մենք ունենք պաշտպանության ոլորտում: Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023-ին 2018-ի համեմատ աճում են 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով: 2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամով կամ 1.2 մլրդ դոլարով»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունը բանակի բարեփոխման գործընթաց է ձեռնարկել, արդեն իսկ օրենսդրական մի շարք փոփոխություններ ուղարկվել են Ազգային ժողով: Դրանց նպատակն է սահմանել ստանդարտ և ստանդարտին համապատասխան աշխատավարձ:
«Այս ամբողջ գործընթացի նպատակն ու իմաստն անցումն է պրոֆեսիոնալ բանակի և, իհարկե, ՀՀ պաշտպանունակության բարձրացմանն ու մեծացմանը: Պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումն ու բարեփոխումները մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը»,-վստահեցրեց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց՝ բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա: «Եվ մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ: Մյուս կողմից դա որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին: Հայաստանը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,-ասաց վարչապետը:



