Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան․ նոր նա...

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նոր նախագծին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արմատապես վերանայել պետական համակարգի աշխատակիցների վարձատրության չափը։ Փոփոխությունների արդյունքում երկրի բարձրագույն ղեկավարության և բարձրաստիճան պաշտոնյաների ամսական եկամուտները զգալի աճ կգրանցեն։

Ըստ շրջանառվող նախագծի՝ ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի ամսական աշխատավարձերը (ներառյալ՝ հարկերը) ներկայիս մոտ 1.3 – 1.5 միլիոն դրամից կբարձրանան՝ հասնելով 2.6 միլիոն դրամի։ Ազգային ժողովի նախագահի վարձատրությունը կսահմանվի մոտ 2.4 միլիոն դրամ, իսկ փոխվարչապետներինը՝ 2.1 միլիոն դրամ։

Զգալի փոփոխություններ են սպասվում նաև գերատեսչությունների ղեկավարների կազմում. նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կդառնա մոտ 2 միլիոն դրամ, Մարդու իրավունքների պաշտպանինը՝ 1.8 միլիոն դրամ, իսկ ԱԺ պատգամավորների բազային վարձատրությունը կկազմի մոտ 1.4 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ բազային դրույքաչափերի այս բարձրացումը չի ենթադրում գործող պարգևավճարների և խրախուսման համակարգի չեղարկում. դրանք կշարունակեն գործել սահմանված կարգով։ Նախագծի հեղինակների պնդմամբ՝ այս բարեփոխումն ուղղված է պետական ապարատում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և մասնավոր հատվածի հետ մրցակցային պայմանների ստեղծմանը, թեև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար մասնավոր սեկտորը դեռևս կլինի ավելի շահավետ։

Հավելենք, որ օրենսդրական փոփոխությունները չեն տարածվի այն կառույցների և ուժային գերատեսչությունների վրա, որտեղ արդեն իսկ ներդրված է և գործում է ատեստավորման արդյունքներով հաշվարկվող վարձատրության հատուկ համակարգ։