Բոլոր պաշտոններն էլ ենթակա են նրան, որ մի օր մարդն այդ պաշտոնում չլինի, լինի հրաժարական կամ աշխատանքից ազատում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
«Կարծում եմ, որ ստանդարտ քաղաքական պրոցես է և պետք չէ ոչ անձնավորել: Բոլոր ազատված գործընկերների հետ նաև մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, մեր ընկերներն են, իրենց հետ ճանապարհ ենք անցել: Այնպես, որ ավելի բան այս մասով չեմ ասում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մեկ գիշերում SMS-ի մ իջոցով Նիկոլ Փաշինյանը առանց հիմնավորման հորդորել է ազատման դիմում գրել, փոխքաղաքապետն ասաց. «Ես չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, բայց կան ինստիտուտներ, որոնք միջոցով իրականացվում է աշխատանքից ազատումը»:
Ինչ վերաբերում է նրան, որ այդպես էլ հանրությանը որեւէ պարզաբանում չի տրվում, թե ինչու մարդկանց հեռացրին պաշտոններից եւ ինչի համար են նշանակում նորերին, Արմեն Փամբուխչյանն ասաց. «Պետք է նայել ընդհանուրի մեջ, ոչ թե անհատապես, թե ով ինչ նախարար է աշխատում կամ ով ինչ հաստիք է զբաղեցնում: Ընդհանուր տրամաբանության մեջ վարչապետը ելույթ է ունեցել նախորդ կառավարության նիստին և, ըստ էության, իրականացրել է այդ ելույթում նշած իր վճռական որոշումը»:
Լրագրողները նկատեցին, որ ըստ վարչապետի ուժայինների մասով դժգոհություն կար, սակայն ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ ԱԱԾ տնօրենն ու գլխավոր դատախազը չեն ազատվել, իսկ մյուսներն ազատվել են: Փամբուխչյանն էլ արձագանքեց. «Դե հիմա կարող եք նշել, բա ինչու՞ բոլոր ամբողջ կառավարությունը չի ազատվում»:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չի ազատվում, որովհետև ինքը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է և իրեն կարող է ազատել պաշտոնից միայն Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը։