
Մենք ինքներս ենք միշտ մշտադիտարկում անցկացնում, մենք հատուկ փորձագետ ունենք, որ նաև այս ոլորտում է մշտադիտարկում իրականացնում և, բնականաբար, առաջին պահից սկսած, մենք տեսել ենք կադրերը և դրա հետ կապված, մեր մանդատի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրականացնելու:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ երեկ հրապարակվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները, երևում է, որ նա խոշտանգվել է, ՀՀ-ն ի՞նչ է անում, Դուք, որպես ՄԻՊ, ի՞նչ եք անում:
«Նաև նշեմ, որ ուսումնասիրում ենք տարբեր լեզուներով ներկայացված տեղեկատվությունն ամբողջ համացանցում: Խնդրում եմ նկատի ունենալ, որ ՄԻՊ-երն ուղղակի մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու: Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին:
Տեսնելուց հետո անմիջապես աշխատակազմը հրահանգավորվել է, և իմ հանձնարարությամբ մենք սկսել ենք հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք ունենք: Բնականաբար, նախապատրաստել ենք նրանց հետ հաղորդակցության տարբեր բովանդակությամբ ձևաչափեր»,- ասաց Մանասյանը:
Հարցին՝ ինչո՞ւ չի դիմում Ադրբեջանի պաշտոնակցին, նա ասաց. «Դիմել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից ու, բնականաբար, արձագանք չունենք: Հարցը քննարկվել է տարբեր միջազգային հարթակներում: Նրանք արձագանք չեն տվել, ինչը ցույց է տալիս այդ պետության կոնկրետ պաշտոնատար անձանց ձևաչափը մարդու իրավունքների հարցերին առնչվելու: Ես առաջարկել եմ, որ սրանք մարդու իրավունքներին վերաբերող հարցեր են և կարելի է կազմակերպել լրիվ ապաքաղաքական քննարկում, այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այնքան էլ ճիշտ չեմ համարում»: