ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԹՐԻՓՓ-ի հետ կապված քննարկվո՞ւմ է երկաթուղու մի կարևոր հատվածի վերականգնումը, որը Իջևանը կապում էր ադրբեջանական երկաթուղուն:
«Այո, ընդհանրապես ապաշրջափակման համատեքստում գործնական այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում, իհարկե քննարկվում է, բայց նաև հետևյալը պետք է հաշվի առնենք: Երկաթուղու այդ հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որն ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է՝ կախված նրանից, թե ինչպիսի պոտենցիալ հոսքեր կանցնեն այդտեղով: Եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի և շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ: Ի դեպ, ուզում եմ ձեզ ասել, որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց ձեր նշած երթուղին է, առավել ևս, եթե մենք Ֆիոլետովոյի հատվածում Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային ուղին նույնպես Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ամենակարճ ճանապարհն է»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Արդբեջանով բաց է, և մենք այդ մասին ունենք Ադրբեջանի բարձրագույն մակարդակից հավաստիացում և հայտարարություններ:
«Խնդիրն այն է, որ սովորությունները շատ դժվար է փոխել: 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն էր, ըստ էության, մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես: Գնացքը պետք է բեռնվի, գնացքը չենք կարող մի վագոնով ունենալ. այն ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ, և լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պետք է վերադասավորվի, և ես պաշտոնապես ասում եմ, որ ժամանակն է, որ դա տեղի ունենա»,- նշեց վարչապետը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր հնարավոր սցենարները քննարկվել և քննարկվում են: «Այստեղ քննարկումների թեման կապված է տեխնիկական և տեխնիկատնտեսական նպատակահարմարությունների հետ, և քաղաքական գործընթացների հետ էլ կապ ունի. ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումն ավելի հավանական կդառնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր հետևյալը. «Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է, և ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այդ լուրը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումների մասին»։



