Փաշինյшնը ժողովրդի հшշվին 60 մլն դոլшրի шրտոն...

2018 թվականին ժողովուրդը դուրս էր եկել անարդարության դեմ, որը տիրում էր երկրում։ Անարդարություն, որի առաջին դեմքերն էին Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Աշոտ Արսենյանը և այլք։


Այսօր ժողովրդի արդարության պահանջը շահարկած, իր իշխանության տարիներին անբուժելի «նախկինացավով» տառապող Նիկոլ Փաշինյանը իրական նվեր է դարձել նախկին համակարգի ամենաօդիոզ օլիգարխների համար։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ նախորդ շաբաթ կառավարությունը 109 մլն դրամի հարկային արտոնություն էր տվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը։ Իսկ երեկվա կառավարության նիստում Փաշինյանը հերթական «տոնական նվերն» արեց նույն Սամվել Ալեքսանյանին։

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23,8 մլրդ դրամ։

Այսինքն՝ կառավարությունը Սամվել Ալեքսանյանին թույլ է տալիս ավելի քան 60 մլն դոլար չվճարել պետական բյուջե, իսկ հիմնավորումն այն է, որ դրա դիմաց ընկերությունը մինչև 2028 թվականը կբացի 120 նոր աշխատատեղ։

Ստացվում է՝ յուրաքանչյուր աշխատատեղի համար Սամվել Ալեքսանյանը կառավարությունից ստանում է մոտ 500 հազար դոլարի նվեր։

Եվ սա այն ֆոնին, երբ Փաշինյանի կառավարությունը բազմաթիվ փոքր բիզնեսներ է փակում մի քանի հազար դրամի ՀԴՄ չտալու համար, իսկ երեկվա կառավարության նիստում Փաշինյանը նույնիսկ հրահանգում էր ապօրինի կերպով փակել մի խանութ, որը ցանկացել էր իրականացնել կանխիկ վաճառք, ինչը, նշենք, լիովին օրինական է։

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժողովուրդը ՀՀԿ-ի դեմ փողոց էր դուրս եկել, որպեսզի ինքը շարունակի վատ ապրել, իսկ ՀՀԿ-ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մեկ որոշմամբ ստանա 60 մլն դոլարանոց նվեր։

Երիցս ճիշտ էր Սամվել Ալեքսանյանը, երբ պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանն «իր ախպերն է»։ Նման նվեր անգամ «ախպերը ախպորը չէր անի»։