Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի։
Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
Նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի Հովհաննավանք եկեղեցում պատարագը մատուցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանը, որին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակել։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ չէ, կարող է պատարագ մատուցել, և որ ինքը, ինչպես նախորդ կիրակի, առաջիկա կիրակի ևս մասնակցելու է նրա պատարագին։
«Ըստ էության, սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից։ Նա հիշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի կոնանագիրք, և կանոնագրքին հղում անելով՝ փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք հայոցի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար, կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում, և ես, ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհաննավանքում մասնակցելու եմ սուրբ և անմահ պատարագին»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մասնակցել էր պատարագին, որը մատուցել էր նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը, որին դրանից օրեր առաջ կարգալույծ էր հռչակել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Տեր Արամ քահանա Ասատրյանը, սակայն, հայտարարել էր, որ չի ընդունում իրեն կարգալույծ հռչակելու որոշումը և շարունակելու է իր հոգևոր ծառայությունը Հովհաննավանքում։



