Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրեց Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանին։
Այս փաստը ՔՊ-ականները ներկայացնում են որպես ապացույց այն բանի, որ սրբազանը, ինչպես Փաշինյանն է ասում, ԿԳԲ-ի գործակալ է։ Փաշինյանի ընտանեկան լրատվականի եթերում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հայտարարել է. «Պետք է շնորհակալություն հայտնենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ փաստորեն ամրապնդեց հայ հասարակության մեջ արմատացած այն խոր կասկածները, որոնք վերջերս արտաբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Եզրասն հանդիսանում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ»։
Այսինքն՝ Փաշինյանի թիմը պարգևատրումն օգտագործում է ներքաղաքական քարոզչական նպատակներով՝ փորձելով թիրախավորել եկեղեցուն և Ռուսաստանում գործունեություն ծավալող հոգևորականներին։
Հետաքրքիր կլինի այս տրամաբանությամբ դիտարկել նաև Հրապարակ օրաթերթի երեկ հրապարակված տեղեկությունը, ըստ որի Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգևի արժանացնել։ Դա, ըստ ամենայնի, կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը՝ «Ալթին Կիրան» (Ոսկե արծիվ) շքանշանը, որը շնորհվում է օտարերկրացիներին՝ «Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար»։
Եթե Եզրաս սրբազանի դեպքում պարգևատրումը հասկանալի է, քանի որ նա երեք միլիոնանոց հայ համայնքի հոգևոր առաջնորդն է, և այդ թվում իր շնորհիվ է, որ ահռելի հայ համայնքը չեն կարողանում օգտագործել ՌԴ-ի դեմ (ինչպես, օրինակ, օգտագործում են ադրբեջանական համայնքը, որի համար այդ համայնքը պատժվեց), ապա Փաշինյանի հավանական պարգևատրումը կարելի է դիտարկել նույն տրամաբանությամբ, ինչ Լիլիթ Ստեփանյանի պնդումն էր․ այսինքն՝ Փաշինյանը թուրքական աշխարհի գործակալ է, և թուրքական աշխարհի առանցքային մասը կազմող Ղազախստանը այդ կերպ պարզապես շնորհակալություն է հայտնում նրան։
Այսպիսով, եթե Եզրաս սրբազանը ռուսական ազդեցության գործակալ է, ապա նույն տրամաբանությամբ Փաշինյանը՝ թուրքական աշխարհի։



