Մենք պետք է արձանագրենք, որ Փաշինյանը մինչև 2019 թվականի վերջը փաստացի չէր տիրապետում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նրբություններին, հիմա էլ չի տիրապետում: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ուղիղ եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Իսկ «Սահարայի նեֆերենդում»-ի հիշատակումը՝ իբր որպես ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում ծագած տերմին, առհասարակ անգրագիտություն էր, որովհետև «Նեֆերենդում» տերմինը դեռևս Սահարայի շուրջ ծավալվող բանակցությունների ժամանակ է առաջ քաշվել»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ սուտ է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարությունը, թե աշխարհը չի արձագանքել 2016 թվականի քառօրյա պատերազմին և նշեց, որ դեռ ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկիր՝ Թուրքիայի հետ միասին արձագանքել են պատերազմին՝ նշելով, որ պատերազմով հիմնահարցը չի լուծվի:
Իսկ քառօրյա պատերազմից հետո, ըստ Մամիջանյանի, հայկական կողմն արձանագրեց հաղթանակներ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ ամրագրվել է շփման գծում մոնիթորինգային մշտադիտարկման առաքելություն տեղակայելու դրույթը:
Մամիջանյանը հիշեցրեց, որ այդ պայամանավորվածություններն էլ զրոյացրել են Նիկոլ Փաշինյանը և իր ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, մինչդեռ դրա կյանքի կոչելը հազարավոր կյանքեր կփրկեր. «Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքվել է ՍԵՊԱ-ի արձանագրությունը, որում հստակ արձանագրված է Արցախի ինքնորոշման սկզբունքը»,-ասաց Մամիջանյանը և հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում է, թե դրանից հետո էլ չի խոսվել ինքնորոշման իրավունքի սկսզբունքի մասին:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, թվարկելով քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հնչեցրած ստերը, նշեց, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Ալիևին ասել է, որ Ադրբեջանի տարածքի կեսն էլ տային, ինքը Մեղրին չի տա, իսկ Իսկանդերի օգտագործման իրավունք Փաշինյանն ունեցել է և ստում է, երբ հակառակի մասին է հայտարարում:



