Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը։
Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։

Օգտվելով առիթից, Ձե´րդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ անշեղ զարգացում և կայուն առաջընթաց»: