Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի:
Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և նշել, որ «Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր: