Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն ՀՀ-ի, այդ պայքարը շարունակելու ենք, իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական էջերն են և ուղիղ եթերները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ընդդիմադիր ուժերից ինքն ում դեմ է պայքարում:
Խոսելով ընդդիմադիր ուժերի մասին՝ Փաշինյանը նաև նշեց, որ որևէ բան չի խանգարում նրանց ևս ուղիղ եթեր մտնել, հավելեց, որ եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունեն՝ ինքը կարող է աջակցել:
Եկեղեցու դեմ իրականացրած արշավի հարցին ի պատասխան Փաշինյանը հավելեց, որ իրենք երբեք եկեղեցու դեմ արշավ չեն իրականացրել. «Մենք երբեք եկեղեցու դեմ արշավ չենք արել, եկեղեցու դեմ արշավ է արել Կտրիճ Ներսիսյանը՝ իր հակաքրիստոնեական և հակաարժեքային խմբակի հետ»:
Անդրադառնալով իրեն բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ շնորհավորելուն ու իր անձնական կյանքի մասին լրագրողի այն պնդմանը, որ այժմ ավելի երջանիկ կլինի, քանի-որ այլևս իշխանությունը երկուսի մեջ չի կիսելու, Փաշինյանը շեշտեց, որ կարծում է՝ դա սադրիչ ու տափակ պնդում է, ՀՀ վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել:



