Փաշինյանը պարզաբանել է Միրզոյանի՝ «թուրքերն ա...

Թուրքիան պատրաստվում է փոխել դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների կարգը։ 

Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և վարչապետի ականջին ինչ-որ բան էր փորձում ասել, քանի որ վարչապետի հագուստին բարձրախոս կար ամրացված, լսվել էր հետևյալ արտահայտությունը՝ «թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք ԱԳՆ խոսնակի»։

Լրագրողներն այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ Արարատ Միրզոյանը։

Փաշինյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիաից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանը։

Նրա խոսքով՝ նախկինում թուրքական կողմի կարգավորումներում Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։

«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, և դա լրացուցիչ գործընթաց էր՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ այժմ թուրքական կողմը հնարավորություն է տալիս փաստաթղթերում որպես առաքման երկիր ուղիղ նշել Հայաստանը։

«Հիմա իրենք ձևակերպում են այնպես, որ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի։ Դա նկատի ուներ»,- պարզաբանեց Փաշինյանը։