
Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում քրեական վարույթներ են հարուցվել:
«Որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել ինձ համար և մեզ համար, որովհետև դա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնարար փաստաթղթի, մեր գաղափարաբանության և գաղափարախոսության մաս է,- ասաց նա, և որպեսզի տարընթերցումներ չլինեն, հավելեց.- Օրենքով սահմանված դեպքեր կան և գուցե նաև դեպքեր ինքնապաշտպանության կան և այլն, օրենքով սահմանված ուժի կիրառման դեպքեր կան, ես, այս դեպքերը նկատի չունենալով, ասում եմ, որ ընդհանուր առմամբ բռնությունը մեզ համար անընդունելի է: Մենք շատ հստակ ենք այս հարցում և նման հարցերում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ թաղապետով չի զբաղվում, իսկ երբ հարցը կդառնա քաղաքական, կան գործիքներ, որոնք կկիրառվեն:
Անդրադառնալով թաղապետարանի միջադեպի շրջանակում ենթադրյալ «կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ցանկացած մեկը, ով պետական բյուջեից կոռուպցիոն սխեմայով «ձեռնարկում և փող է տանում», իր անձնական թշնամին է:
«Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից: Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է, և հանկարծ պարզվի՝ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չէ, ինչպես եղել, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից, իսկ եթե պարզվի՝ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, չի կարող լինել մեր թիմից»,- հայտարարեց Փաշինյանը: