
Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը, համավարակով պայմանավորված՝ տնտեսական իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները: Նա հայտնեց, որ մայիսի սկզբից սկսվեցին սահմանափակումների մեղմացումները, իսկ մայիսի 18-ից դրանք գրեթե հանվեցին, թույլատրվեց տնտեսական գրեթե բոլոր ոլորտների գործունեությունը, և սահմանափակումներ մնացել են միայն կրթության, մշակույթի և որոշ այլ ոլորտներում:
Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը մի շարք աջակցության միջոցառումներ է նախաձեռնել՝ մեղմացնելու կորոնավիրուսի հետևանքներն ու հնարավոր տնտեսական ճգնաժամը: Նրա խոսքով՝ նաև Կենտրոնական բանկի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել դրամի արժեքը:
Նշելով, որ գլոբալ տնտեսական մարտահրավերների դիմաց բոլորն են կանգնած, և ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանն առավել սուր է զգում, վարչապետը կարևորեց դրա վերաբերյալ քննարկումները: Նա նշեց, թե էներգետիկ միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա ինտեգրման հիմքերից մեկը, իսկ առանց դրա՝ ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացն անհնար է, անհնար է նաև միության բոլոր մասնակիցների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ: