Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիս...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը: Հայտնում են ՀՀ կառավարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

Արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով։

ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Արձանի բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը: Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով: