Փաշինյանը մայիսի տնտեսական ցուցանիշները գնահա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 27-ի նիստում անդրադարձավ 2025 թվականի մայիս ամսվա տնտեսական ցուցանիշներին՝ դրանք գնահատելով բավականին լավ։ 

նա նշեց, որ որոշ կառուցվածքային և հայեցակարգային փոփոխությունների շնորհիվ տնտեսությունը սկսել է դրսևորել ավելի բարձր ճկունություն՝ արագ արձագանքելով միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին։ 

«Կարևոր է արձանագրել, որ որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը որոշ ճկունության դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադարձություններին։ Սա, իմ կարծիքով, կարող է լինել ամենակարևոր արձանագրումներից մեկը, եթե հետազոտական մակարդակում հաստատվի, որ այս ընկալումը ճիշտ է»,– հայտարարեց վարչապետը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10.4 տոկոսով։ 2025-ի հունվար-մայիս ամիսների կտրվածքով աճը կազմել է 5.7 տոկոս՝ 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։ 

Չնայած արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում արձանագրվել է 14.1 տոկոս անկում՝ մայիս ամսվա արդյունքով գրանցվել է 2.9 տոկոսի աճ՝ ապրիլի համեմատ։ Շինարարության ոլորտում արձանագրվել է շարունակական աճ. մայիսին այն աճել է 24.8 տոկոսով նախորդ ամսվա համեմատ և կազմել է 48.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 22.2 տոկոս։ 

Առևտրի շրջանառությունն առաջին հինգ ամիսներին աճել է 4.2 տոկոսով՝ կազմելով շուրջ 2.4 տրլն դրամ։ Սակայն մայիս ամսին՝ ապրիլի համեմատ, նկատվել է 0.9 տոկոս անկում։ Ծառայությունների ոլորտը շարունակել է կայուն աճ գրանցել՝ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ աճելով 10.8 տոկոսով։