Փաշինյանը Լոս Անջելես-Հայաստան համաժողովում ն...

Միացյալ Նահանգներ այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լոս Անջելեսում անցկացվող տնտեսական համաժողովից:

Լոս Անջելես-Հայաստան համաժողովին մասնակցում էին մոտ 300 տեղացի գործարարներ, Կալիֆորնիա նահանգը ներկայացնող բիզնեսմեններ, որոնց Հայաստանի ղեկավարը պատմեց երկրի ներդրումային միջավայրի մասին, ասաց, որ իշխանափոխությունից հետո հիմա էլ տնտեսական հեղափոխություն է ծրագրել:

Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն: Վարչապետն ասաց, որ իր քաղաքականության առանցքում կոռուպցիայի և մենաշնորհների բացառումն է:

Արդեն օրվա երկրորդ կեսին Հայաստանի վարչապետը Լոս Անջելեսից ժամանեց Սան Խոսե՝ աշխարհահռչակ Սիլիկոնային հովիտ, որտեղ տեղակայված են տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող մի շարք հանրահայտ ընկերություններ, կորպորացիաներ: Ինչպես հայտնի է, այստեղ նաև բազմաթիվ հայեր են աշխատում՝ հիմնականում վերջին տարիներին Հայաստանից այստեղ եկած տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, որոնց հետ վարչապետը մոտ մեկ ժամանոց հանդիպում անցկացրեց, պատասխանեց նրանց հարցերին, և, իհարկե, այս հանդիպմանը նույնպես չշրջանցվեց Ամուլսարի հարցը:

«Ես միշտ զարմանում եմ մեր ժողովրդի էդ հատկության վրա, որ կարելի ա գալ Սիլիկոնային հովտում եզրակացնել, որ մեզ հանք պետք չի՝ մի երկրում, որը ամբողջ քաղաքակրթությունը կառուցել ա առաջին հերթին հանքի վրա, հասկանում ե՞ք: Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը հանքերի պատմություն ա, որովհետև մարդիկ էստեղ էկել են «ոսկու տենդի» հետևից, հետո էկել են պղնձի հետևից, հետո էկել են ածուխի հետևից, հետո էկել են նավթի հետևից, հետո էկել են գազի հետևից, և ձեր եզրակացությունը Միացյալ Նահանգներում էն ա, պնդումը, որ հանք պետք չի: Դուք ասում եք, որ Հայաստանը պետք ա լինի ագրարային երկիր, որտեղ միշտ պետք ա դաշտերում մայեն ոչխարները, մենք էլ փափախով ծառի տակ պետք ա նստած լինենք: Էս՝ ընդհանուր գաղափարի մասին», - հայտարարեց Փաշինյանը:

«Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարի հանքին, գիտե՞ք, ժողովուրդ ջան, նույն հարցը ունի նույն պատասխանը․ մենք մինչև վերջ պետք ա ազնիվ լինենք էդ հանքի հետ կապված՝ և՛ հայ հանրության հետ, և՛ միջազգային հանրության հետ: Սա շատ կարևոր արձանագրում է, և իմ արձանագրումը հետևյալն է՝ եթե էդ հանքը հնարավոր է շահագործել շահագործող ընկերության հռչակած պարտավորությունների շրջանակում, այսինքն՝ 100-տոկոսանոց էկոլոգիապես անվտանգ, դա կշահագործվի, եթե հնարավոր չի, չի շահագործվի: Ես ասում եմ՝ մինչև վերջ պետք ա գնալ ճշմարտության հետևից», - շեշտեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Սիլիկոնային հովտում վարչապետը եղավ Nvidia խոշոր ընկերությունում, նաև այցելեց Synopsis: Նա հետաքրքրված էր՝ ինչպես է զարգացել այս ոլորտը, ինչ ճանապարհ է անցել, և նաև փորձում էր ըմբռնել, թե Հայաստանում ինչպես կարելի է կիրառել այս փորձը:

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ - «Երևի գիտեք, որ նախկինում էլ էին իշխանությունները խոսում IT ոլորտի առաջնայնության մասին, դա կարծես մոդայիկ ինչ-որ մի հայտարարություն էր դարձել, որը չէր ամրապնդվում կոնկրետ գործողություններով: Այս պարագայում տենց չի, այն, որ իշխանությունները հիմնեցին կառավարության կազմում Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, այն, որ առաջնայնություն համարվեց այս կարճատև այցի ընթացքում մեկ օր նվիրել Սիլիկոնային հովտին և այս այցելությանը, այն, որ վարչապետը համաձայնել է և սիրով պետք է հանդիպի այստեղ աշխատող հայերի հետ, և նաև այն, որ ստորագրվում են մի քանի համաձայնագրեր այս այցելության ընթացքում, ցույց է տալիս, որ սա ոչ թե խոսքեր են, այլ իսկականից վճռականություն է՝ հնարավորիս մեծ շեշտադրում անել այս ոլորտում կառավարության գործունեությանը»: