Փաշինյանը կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։

Վարչապետն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։ Թե երբ այն կստորագրվի, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ հիմա ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ «Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և այն հետ շրջելն անհնար դարձնելու մասին։ Այս առումով կարևոր են նաև ներքաղաքական պրոցեսները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում, որ էլ կան ուժեր (անկեղծ ասած՝ Ադրբեջանի ներքաղաքական պրոցեսներին այդքան էլ ծանոթ չեմ), որոնք այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի»,- նշեց վարչապետը։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։