Փաշինյանը իր իշխանության համար պարտական է Էրդ...

«Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումների մոլեգնող ալիքը բոլորին հասնում է. Սերժ Սարգսյանը, ինչպես իր կուսակից մյուս ընկերները, տարաբնույթ քաղաքական շինծու քրեական գործերի մեջ է»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով այն մասին, որ դատարանը մերժել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերա0բերյալ միջնորդությունը։

«Հակաժողովրդավարական զարգացումները Հայաստանում կարելի է կանխել երկու մեխանիզմով։ Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելով, ինչը չի ստացվում այս պահի դրությամբ։ Երկրորդ մեխանիզմը կանխելու այս խայտառակությունը՝ դրսի ճնշումներն են, որոնք չեն լինի այս պարագայում, որովհետև աշխարհով մեկ ժողովրդավարության համար պայքարողի անուն հանած արևմուտքը առաջնորդվում է բացահայտ կրկնակի ստանդարտներով, և քանի Նիկոլ Փաշինյանը դրսում սպասարկում է իրենց համար համադրելի և ընդունելի շահեր, ներսում ամեն ինչի վրա նրանք պատրաստ են աչք փակել»,–ասաց Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով, նախօրեին Բրյուսելում կայացած Եվրոպական միության ընդլայման գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի մասին որևէ հիշատակում չի եղել, ինչը նրա խոսքով, վկայում է այն մասին, որ իշխանությունների կողմից ԵՄ–ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ հայտարարությունները անհիմն են։

«Այսինքն եվրոպական հեքիաթը, որ պատմում են Հայաստանում միամիտ և լավ կենցաղի հույսով ապրող մեր քաղաքացիների համար, Հայաստանի սահմաններից դուրս փուչիկ է, նիկոլական հերթական փուչիկ։ Երեք ու կես ժամ տևած գագաթնաժողով էր, և ոչ մի տեղ մի հատ ձևի համար չեն ասել Հայաստան, որ սրանք էլ վերցնեն այստեղ սկսեն իրենց տարաբնույթ քարոզչական մեքենաներով տարածեն, ասեն՝ մեզ հիշատակել են»,–հավելեց ՀՀԿ փոխնախագահը։

Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով չունի Եվրոպական Միությանն ինտեգրվելու հեռանկար։

«Բայց ինձ թվում է՜ մենք ավելի շուտ կմտնենք ԵՄ, քան Նիկոլ Փաշինյանը իր օրակարգով մեզ խաղաղություն կբերի։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, խաղաղության մասին կարելի է մոռանալ»,–նշեց նա։