Փաշինյանը համբալ է

Նիկոլ Փաշինյանը պետական գործչի և հանրային մարդու բարոյականության չափորոշիչները իջեցնում է ռեկորդային ցածր մակարդակի։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա ամբողջությամբ բացահայտել է իր էությունը. պարզվել է՝ գործ ունենք շարքային փողոցայինի հետ, որի ձեռքը պատահաբար պետական լծակներ են հայտնվել։

Երեկ, սակայն, Փաշինյանը անցավ բոլոր սահմանները։ Նա ցույց տվեց, որ բարոյական հատակից էլ կարելի է իջնել։ Եթե այս տեմպերով շարունակվի, ապա կարելի է համարձակ պնդել՝ իր բարոյական վթարների շնորհիվ Հայաստանի տարածքում նավթ կհայտնաբերվի։

Բանն այն է, որ Փաշինյանը, պատասխանելով մի հոգևորականի խորհրդանշական դիտարկմանը՝ թե ինքը քրիստոնյա չէ, հեգնանքով և սեռական ակնարկով գրառում է արել։ «Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին՝ կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»։

Այս գրառումը տեղադրվել է ոչ թե հարբած գեղցու պատին, այլ՝ ՀՀ վարչապետի պաշտոնական էջում։

Սա այլևս ոչ թե սկանդալ է, այլ՝ ազգային ողբերգություն։

Ինքս տարիներ ապրել եմ Իրաքում, և շատ լավ գիտեմ՝ ինչպես են նման պահվածքի վերաբերվում Արևելքում։ Այնտեղ՝ ինչպես և ողջ Արևելքում, հատկապես սեռական բնույթի հայհոյանքները, ակնարկները համարվում են բացառապես համբալի վարքի դրսևորում։ Ու սա չեմ ասում Փաշինյանին վիրավորելու համար. իր վարքով ու արժեքներով առաջնորդվող մարդը վիրավորվել չի կարող, քանի որ նա բարոյական շեմ չունի։ Ես սա ասում եմ, որ հասկանանք՝ որքան խոր փոսում ենք մենք։

Հայաստանը Արևելք է։ Մեր հարևանների՝ նույնիսկ թշնամիների պատկերացմամբ, նման լեզվամտածողություն ունեցող առաջնորդը ոչ թե վարչապետ է, այլ՝ ցածրակարգ համբալ։ Եվ դա այդպես է՝ թեկուզ մեզ ցավոտ լինի լսելը։

Եթե Փաշինյանը լիներ որևէ եվրոպական երկրի ղեկավար, կարող էր թքած ունենալ այս ամենի վրա՝ հայհոյել, սեռական բնույթի տողատակերով գրառումներ անել, նույնիսկ՝ տրանսգենդեր լինել ու ողջունվեր։ Բայց մենք Եվրոպայում չենք։ Եվ չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, սակայն դա մեր իրականությունն է։

Ու հիմա հարց՝ ի՞նչ են մտածում մեր հարևանները, երբ տեսնում են, որ առաջինը քրիստոնեություն ընդունած, հազարամյակների պատմություն ունեցող, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Բաղրամյան, Խաչատրյան ծնած ժողովրդի այսօր կառավարող դեմքը... համբալ է։

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ դուր է գալիս, որ աշխարհին ներկայացող մեր դեմքն այս հռհռացող, ցածրախոս անբարոյականն է՞։ Եթե ոչ՝ պատասխան պետք է լինի ոչ թե լայք, այլ գործողություն։

Բորիս Մուրազի