Փաշինյանը գնացել էր Էրդողանի «տուն»․ դատարկ ձ...

Փաշինյան–Էրդողան հանդիպման կարևոր դետալներից մեկը ոչ միայն այն է, թե ինչ են խոսել, այլև՝ որտեղ են խոսել։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Փաշինյանը Էրդողանին հանդիպելու համար գնացել է ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայան, այլ «Թուրքիայի տուն»՝ Türkevi։ Թուրքիայի պաշտոնական հաղորդագրությունն էլ հանդիպումը նկարագրում է որպես Էրդողանի կողմից Փաշինյանի «ընդունելություն»։

Դիվանագիտության մեջ նման մանրուքները երբեմն ավելի խոսուն են, քան երկար հաղորդագրությունները։

Իհարկե, հանդիպման վայրը ինքնին ենթակայության ապացույց չէ, բայց այն խորհրդանշականորեն տեղավորվում է վերջին տարիների քաղաքական պատկերի մեջ․ Փաշինյանի Հայաստանը փորձում է տեղավորվել Թուրքիայի կառուցած տարածաշրջանային համակարգում, իսկ Անկարան իրեն պահում է ոչ միայն որպես Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորող հարևան, այլև որպես Հարավային Կովկասի խաղի կանոնների վրա ազդող ուժ։

Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը այս հանդիպումից։

Դեռ 2022 թվականին Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Չորս տարի անց Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է, բայց պայմանավորվածությունը չի իրականացվում։

Վերջին հանդիպման հաղորդագրությունում խոսվում է Անիի կամրջից, առևտրից, գործարար կապերից, TRIPP-ից, բայց սահմանի բացման վերաբերյալ նոր որոշում չկա։

Եթե Հայաստանը պատրաստ է, իսկ սահմանը չի բացվում, ակնհայտ է, որ այն չբացող կողմը Թուրքիան է։

Եվ այստեղ է «առանց նախապայմանների կարգավորման» գլխավոր հակասությունը։

Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին և ողջունել Երևանի ու Բաքվի «փոխադարձ քայլերը»։ Եթե հայ-թուրքական կարգավորումն իսկապես անկախ է հայ-ադրբեջանական գործընթացից, ինչո՞ւ է Անկարան դրանք հետևողականորեն պահում նույն քաղաքական փաթեթում։

Սա նոր քաղաքականություն չէ։

1993 թվականին Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց Ղարաբաղյան պատերազմի համատեքստում։ Այսինքն՝ սահմանը դեռ այն ժամանակ Անկարայի ձեռքում դարձավ նաև Հայաստանի վրա ազդելու քաղաքական գործիք՝ կապված Ադրբեջանի հետ։

Երեք տասնամյակ անց Արցախում այլևս հայկական իշխանություն չկա, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Երևանն ու Բաքուն խոսում են խաղաղության մասին, բայց սահմանը շարունակում է փակ մնալ։

Սրանից, տպավորություն է, որ Էրդողանը ասում է՝ կատարեք Ադրբեջանի բոլոր պահանջները, հետո կբացեմ սահմանը։ Քաղաքականությունը միայն հայտարարությունները չեն։ Գործողությունների հաջորդականությունը նույնպես քաղաքական ուղերձ է։

Եվ այս ֆոնին «Թուրքիայի տուն» գնալն արդեն դառնում է ամբողջ գործընթացի խորհրդանշական պատկերը։

Փաշինյանը գնում է Էրդողանի մոտ, Էրդողանը խոսում է նաև Ադրբեջանից, իսկ Հայաստանի համար տարիներ առաջ խոստացված սահմանը մնում է փակ։

Որքան էլ Երևանում այս ամենը փաթեթավորեն «կարգավորում», «խաղաղություն» և «դրական դինամիկա» բառերով, իրականությունը շատ ավելի պարզ է․ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, իսկ դրա բանալին շարունակում է մնալ Անկարայի ձեռքում։

Եվ երբ գնում ես այդ բանալին պահողի տուն, բայց վերադառնում առանց բացված սահմանի, բնական հարց է առաջանում՝ բանակցելու էիր գնացել, թե լսելու՝ դեռ ինչ է պահանջվում քեզանից։