Եկել ենք բողոքելու, որ մեր ձայնը լսեն, ոինչո՞ւ պետք է մեր երեխեն մի ամսվա տարբերության պատճառով երկու տարի ծառայի, մյուսները՝ 1.5 տարի, անարդարություն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, ՊՆ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ծնողներից Ավետ Հունանյանը։
«Դպրոցը դեռ չվերջացրած, ավարտականը չէին տվել, վերցրին տարան բանակ, մենք ենք գնացել, ստացել ավարտկանը։ Թող վարչապետը մտածի սրա համար, ինչի՞ համար իմ երեխան երկու տարի ծառայի, բայց նոր գնացածը 1.5 տարի ծառայի։ Թող հավասարություն լինի, ինչի՞ համար մեկը երկու տարի ծառայի, մյուսը 1.5 տարի։ Նույն դասարանի երեխեք են, մի ամսվա տարբերությամբ մեր երեխուն վերցրեցին, տարան։ Ի՞նչ կա, որ երկու տարի պահում են երեխեքին։ 1.5 տարին էլ է շատ, մեկ տարում ամեն ինչ կարան սովորեցնեն երեխուն, էդ ի՞նչ են սովորեցնելու, որ չեն կարում սովորեցնեն, երկու տարի պիտի պահեն։
Եթե այսպես պիտի շարունակվի, մենք ընտրության չենք էլ գնալու, սաղին ասելու եմ՝ չգնաք ընտրության։ Մեր ձայնը պիտի լսի վարչապետը, նա հասկացող մարդ է, պիտի արդարություն լինի։
Մենք ձայն ենք տալու մեր վարչապետին, բայց թող ճիշտ որոշում կայացնի։ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որի տղեն ծառայել է՝ Աշոտը։ Ոչ միայն Ղարաբաղում ծառայել է, այլ կռվել է»,–ասաց նա։
Մեկ ուրիշն էլ հարցադրում արեց. «Հիմա, որ հելել են, ուզում են վարչապետ դառնան, ո՞ր մեկ երեխան է ծառայել»։ Նա հավելեց, որ եթե նույնիսկ այս հարիցն լուծում չտան, ինքը Նիկոլ Փաշինյանին է ընտրելու։ Սա բարկացրեց ակցիայի մյուս մասնակցին. «Չէ, եթե հարցին լուծում չտվեց, չենք գնալու ընտրության»։
Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս հանգամանքը ծնողների շրջանում առաջացրել է արդարության եւ հավասարության հետ կապված լուրջ մտահոգություններ:
Նշենք, որ ծնողները այս պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, նաև նամակներ էին հղել պատկան մարմիններին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում նհստակ հաշվարկներ կան։



