
Իմպիչմենտի օրակարգը քաղաքական այն գործիքակազմ է, որից պարտադիր պետք է օգտվել՝ անկախ դրա արդյունքներից, անկախ ով, ինչքանով, ինչ չափով է ներգրավված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Ազգային ժողովի դիմաց նախքան ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը՝ լրագրողներին ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Սրանք այն պրոցեսներն են, որոնք պարտադիր են, որ վաղը, մյուս օրը հասկանալի լինի հասարակական կոնսոլիդացիան, հասկանալի լինի քաղաքական ուժերի տրամադրվածությունները։ Եթե այլ գործիքակազմեր չգործեն, ապա ապագա ԱԺ ընտրություններին հասկանալի կլինի բոլորի դիրքորոշումն ու դիրքավորումը»,–ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության 7 տարի է չի հաջողվում հեռացնել Նիկոլ Փաշինյանին՝ Փաշինյա՞նն է ուժեղ, թե՞ ընդդիմությունն է թույլ, Ասլանյանը պատասխանեց. «Երկուսն էլ ճիշտ են, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ղեկավարում է, ուրեմն ընդդիմությունը թույլ է, չի կարողանում Փաշինյանին փոխել։ Իսկ ընդդիմություն ասածը շատ առաձգական և բազմաշերտ երևույթ է։ Հետևաբար, այստեղ խնդիրը տարբերակումների մեջ է, թե ինչ ենք հասկանում ասելով ընդդիմություն, որ ժամանակաշրջանի համար ինչ ընդդիմության շերտեր ու թեւեր են գործել»։
Նա նշեց, որ ընդդիմությունն իրավունք ունի քաղաքական երևույթների, իրավական տարբեր գործընթացների նկատմամբ ունենալ տարաբնույթ կարծիքներ. «Այստեղ խնդիրն արդեն քաղաքական երկխոսության, քաղաքական երկխոսության արդյունքում ընդհանուր հայտարարի գալու մասին է»։
Դիտարկմանը՝ եթե կարևորը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, պետք է շահերը դրվեին մի կողմ, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Անկախ քաղաքական նախասիրություններից, ուղղվածություններից, եթե ընդհանուր պայքարի տրամաբանությունն իշխանությունը փոխելն է, կառավարության ղեկավարին փոխելն է, ձեր ասածն այդ տրամաբանության մեջ է։ Թե ինչու չեն կարողանում, ինչն է խանգարում, օգնում, դժվար է ասել»։