Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակմա...

Հայաստանի Հանրապետության վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը հերքելով VT Foreign Policy հարթակում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։

«Նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումներին։

Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի, և դատավորների նշանակման գործընթացը իրականացվում է բացառապես սահմանադրական և օրենսդրական կարգավորումներով»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Մեկտեղ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։

«Օրինակ առաջին ատյանի դատավորի ընտրությունն իրականացվում է բազմափուլ, մրցակցային և թափանցիկ ընթացակարգով, որը ներառում է`

  • թեկնածուների հայտերի ընդունում և ստուգում
  • որակավորման գրավոր քննություն համապատասխան մասնագիտացման ոլորտում
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրում
  • հարցազրույց՝ մասնագիտական և անձնական որակների գնահատման նպատակով։

Նշված փուլերի արդյունքների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է հավակնորդների ցուցակ, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ պարտադիր ուսուցման կազմակերպման համար։ Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո թեկնածուները ընդգրկվում են դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում, և միայն այդ ցուցակներում ընդգրկված անձինք կարող են ներկայացվել Հանրապետության նախագահին՝ նշանակման նպատակով․

  • Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ,
  • վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում թեկնածուները ներկայացվում են Ազգային ժողովի կողմից՝ ԲԴԽ-ի առաջարկած երեք թեկնածուներից մեկի ընտրության արդյունքում»,– ասված է հայտարարությունում։

Նույն հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ դատավորների ընտրության և նշանակման գործընթացը չի կարող ծառայել քաղաքական նպատակներին կամ կապվել ընտրական գործընթացների հետ, իսկ VT Foreign Policy-ի կողմից տարածվող պնդումները տվյալ հարցի վերաբերյալ չեն հիմնվում փաստերի կամ իրավական հարթության վրա և հանդիսանում են ապատեղեկատվություն։