Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) վարչության անունից լիազորված եմ հայտարարել, որ ՄԱՍԿ-ը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է պետական գրանցում, որի առիթ առթով շնորհավորում եմ մեր բոլոր համակիրներին։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հակոբ Ասլանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Պարոն Աղազարյանի և իմ անունից հայտարարում եմ, որ մենք մեր թիմակիցների հետ միասին կանենք ամեն հնարավորը մեզ վստահողներին հուսախաբ չանելու համար։ Մեր գործունեության առանցքը լինելու է պետականամետությունը և միմիայն պետականամետությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք ազգային արժեհամակարգի հենքի վրա։
Մեր գործունեությունը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու զարգացմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ճանապարհով։ ՄԱՍԿ–ի հիմնադիր համագումարից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում մեզ մոտ ավելի է ամրապնդվել այն համոզմունքը, որ առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող է ունենալ անդառնալի և վտանգավոր հետևանքներ մեր պետության և պետականության ապագայի վրա։
Այսօր մեր պետությունը Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվել է դժվարին ու բարդ իրավիճակում և այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը Փաշինյանի վերարտադրությանը, որպես վարչապետի, թույլ չտալն է»։



