Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զոհե...

Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին:  Այս մասին X-ում գրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։  Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և  ՌԴ-ի 16 քաղաքացի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Նա  այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ադրբեջանի պետական ​​պատվիրակությունն ուղարկվել է Ղազախստան՝ տեղում պարզելու Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառները։ Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել։