Տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակը անվանակոչվել է ՀՀ Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող մարդու անունով: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկեղծ ասած, այդ վերնագիրը շատ տարօրինակ թվաց, ընդ որում Շիրակի մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցած այդ արարողությանը մասնակցել է բարձրաստիճան զինվորական, որից պաշտպանության նախարարն ընդհանրապես տեղյակ չէ։ Գլխավոր շտաբի պետն ընդհանրապես տեղյակ չէ։ Պրոցեսը տեղի է ունեցել դպրոցում, ԿԳՄՍ նախարարն ընդհանրապես տեղյակ չի։ Տեղի է ունենում մարզպետի մասնակցությամբ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդհանրապես տեղյակ չէ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ սա տեղի է ունեցել մի պայմաններում, երբ որ այս դահլիճում տասնյակ անգամներ ինքը և ԿԳՄՍ նախարարը խոսել են դրա մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան։
«Ես ուզում եմ ուղիղ ասել՝ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետև մենք հասկանում ենք, չէ՞, պանդորայի ինչ արկղ ենք բացում։ Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այլն, և այդպես շարունակ։ Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այսպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով կոչվի՞, այն պայմաններում, երբ որ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի գնացել այն կանխավարկածով, որ պետք է գրի, որ դա վերաբերվում է նաև դասասենյակին, դա վերաբերվում է նաև սպորտդահլիճին, դա վերաբերվում է նաև բուֆետին, դա վերաբերվում է նաև ճաշարանին։
«Սա անընդունելի մոտեցում է և այսպես հրապարակային եմ ասում և կառավարության նիստում եմ ասում, որևէ մեկը հանկարծ չմտածի այս պրոցեսը շարունակելու մասին։ Այդ պրոցեսը պետք է չեղարկվի, և ես դիտողություն եմ անում, նկատողություն եմ անում խիստ և՛ Շիրակի մարզպետին, և՛ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց էլի եմ ասում՝ կա պետություն և կա ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանության որևէ գործողություն անի և հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց նա: