Քաղաքական մեծ հավակնություններ ունեցող Տիգրան Ավինյանը նախորդ տարի «զոռով-շառով», ավագանու ձայն «գողանալով» դարձավ Երևանի քաղաքապետ։ Լինելով փոքրամասնության քաղաքապետը` Տիգրան Ավինյանը լեգիտիմության լրջագույն պակաս ունի և իր առաջին խնդիրն էր իրեն չընտրած երևանցիների բացարձակ մեծամասնության համար դառնալ գոնե տեսանելի ու ընկալելի, որպեսզի հավանական արտահերթ ընտրությունների դեպքում կարողանա առանց կոալիցիաների ու կուլիսային պայմանավորվածությունների ընտրվի քաղաքապետ։ Քաղաքապետի իր դիրքն ամրանալուց հետո միայն Ավինյանը պետք է փորձեր քայլեր ձեռնարկել դեպի այդքան երազած վարչապետության աթոռը։
Խաղն, ըստ էության, լավ է հասկանում նաև Նիկոլ Փաշինյանը և ամեն բան անում է, որպեսզի հնարավոր արտահերթ ընտրություններում ոչ միայն Ավինյանը չկարողանա դառնալ քաղաքապետ, այլ ունենա այնպիսի ցածր վարկանիշ ու այնքան անընդունելի լինի երևանցիների համար, որ անգամ ինքնակամ հրաժարվի ընտրություններում ՔՊ թեկնածուն լինելուց և տեղը զիջի Փաշինյանի նախընտրած առավել լոյալ թեկնածուին։
Հենց այս նպատակին հասնելու համար է Փաշինյանը ՔՊ միջոցով քաղաքային իշխանության օրակարգ բերում հարցեր, որոնց կյանքի կոչելու դեպքում «քարը քարին» չի մնա ու Ավինյանը վերջնականապես կոչնչացվի։ Տարին իշխանությունները փակեցին կայանատեղիների տարեկան սակագները 12 հազարից 160 հազար դարձնելով, իսկ 2024 թվականը սկսում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը օրակարգ բերելով։ Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը 100 դրամից դառնալու է առնվազն 180 դրամ, որոշ փաթեթների դեպքում անգամ 260 դրամ։
Այս նախաձեռնությունը շատ լուրջ հարված է լինելու բոլոր երևանցիների գրպաններին, ամեն ընտանիք ստիպված է լինելու տարվա սկզբին իր բերանից մի քանի հարյուր հազար դրամ կտրել ու տալ քաղաքային իշխանություններին։ Փաշինյանը այս հարցերը մեջտեղ բերելով երկու խնդիր է լուծում՝ մեկը, արդեն նշեցինք, Ավինյանին քաղաքականապես ոչնչացնելն է, մյուսը` իր ցանկացած քաղաքապետի համար հանգիստ կառավարման ընթացք ապահովելը։ Ավինյանը կյանքի կկոչի բոլոր թանկացումները, այլ կերպ ասած կանի կեղտոտ գործը («կմաքրի կոյուղին») ու իր հետ կտանի քաղաքացիների դժգոյությունն ու անեծքները, իսկ եկող քաղաքապետը, ամենայն հավանականությամբ այս պահի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հանգիստ կյանքը կվայելի։
Հ․Գ Ավինյան-Փաշինյան այս «մուկնուկատու» խաղը կխաղացվի, եթե իհարկե Փաշինյանը կարողանա պահել իշխանությունը։ Մյուս սցենարի պարագայում Ավինյանը, ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ իրենց նախկին կյանքի լավ հիշողություններով երկար տարիներ կանցկացնեն Նալբանդյան 104 հասցեում։



