Փաշինյանը ԱԱԾ-ին խիստ հրահանգ է տվել՝ հանուն...

Ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք լուրերի դեմ։ Վարչապետը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս հրահանգը համարում էին տեղին՝ մեկնաբանելով, որ կա ազգային անվտանգության խնդիր և չպետք է թույլ տալ, որ ֆեյքերը խաթարեն մեր պետության անվտանգությունը։

Իրականում պարզվում է՝ վարչապետի հրահանգը բոլորովին այլ, անձնական պատճառներ ունի։ Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, վարչապետին բարկացրել է կառավարության նիստից մեկ օր առաջ իր կնոջ՝ Աննա Հակոբյանը մասին տարածված կեղծ լուրը։ Աննա Հակոբյանը ևս բարկացած է եղել փաստից, և ահա հաջորդ օրը նրա վարչապետ ամուսինը հրահանգել է ԱԱԾ-ին զբաղվել ֆեյքերով, որոնք «սպառնում են պետության անվտանգությանը»։

Համացանցում մի փոքր փնտրելով՝ գտնում ենք մեր աղբյուրի խոսքերի հավաստումը։ Ապրիլի 3-ին՝ կառավարության նիստից մեկ օր առաջ, համացանցում անհայտ օգտատեր տարածել էր տեղեկատվություն, թե վարչապետի կինը ԱՄՆ է գնացել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով։ Արդարության համար պետք է նկատել, որ կեղծ օգտատիրոջ այս գրառումը շատ քչերն էին նկատել, և եթե չլիներ Աննա Հակոբյանին պատկանող լրատվականում հայտնված հերքումը, ապա վստահաբար այն լայն տարածում չէր գտնի։