Փաշինյանն ուզում է Սարիկ Մինասյանին քաղաքապետ...

Ավագանու ընտրությամբ Սարիկ Մինասյանը լինի, թե ավագանու ՔՊ 14 հոգանոց խմբակցությունից որեւէ մեկը, չի կարող դառնալ քաղաքապետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունն ուզում է Սարիկ Մինասյանին դարձնել քաղաքապետ։

«Սարիկ Մինասյանը Գյումրիում ՔՊ–ի ցուցակի առաջին համարն է, ենթադրվում է, որ եթե իշխանությունը նման գործիքակազմով մտել է Գյումրիի քաղաքապետարան, ապա վերջին կետում ինքը տեսնում է, որ պիտի ինչ-որ մի մոդիֆիկացիայով փորձելու է հասնել իր ուզածին։ Այսինքն, իրենք փորձելու են ստեղծել մի իրավիճակ, որ օրինակ, փորձեն չեզոքացնել ավագանու երեք ընդդիմադիր անդամների, որպեսզի քվորում չլինի ավագանու նիստ անցկացնելու համար, և այդ դեպքում, ավանդույթի համաձայն, Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար նշանակի մինչև հունիս ամիսը և այդ ԺՊ-ն փորձի վերականգնել այն ամբողջ վարչական ռեսուրսը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը արդեն կորցրել է»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շտապել է «կոռուպցիոներ սրիկա» անվանել Վարդան Ղուկասյանին, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «ՔՊ կուսակցության բոլոր ներկայացուցիչները իրենց մետաիրականությունում են ապրում, որտեղ գործում է ֆեյսբուքյան արդարադատությունը։ Վարդան Ղուկասյանին դեռ Երևան էլ չեն հասցրել ճանապարհին է, իրենք արդեն վճիռներ են կարդում, դատապարտում են, ասում են՝ ով Վարդան Ղուկասյանին պաշտպանի կամ չպաշտպանի...։ Վարդան Ղուկասյանին ի դեպ ոչ մեկ չի պաշտպանում։ Մարդիկ պաշտպանում են, ավագանու ինստիտուտը։ Մարդիկ դուրս են եկել, ասում են՝ եթե մենք ընտրել ենք այս ավագանին, այս ավագանին էլ ընտրել է այս քաղաքապետը, մենք պաշտպանում ենք այդ ինստիտուտը։

Կարծեմ, մինչև 10 թե 10-ից ավելի քրեական գործով անցնում է պարոն Ղուկասյանը, այս յոթ տարվա ընթացքում իրենք հնարավորություն ունեին ամեն ինչ անելու, ինչի հենց այս պահին են անում, երբ որ ընտրություններին մնացել է շատ քիչ ժամանակ, երբ որ Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ ունի։ Ամեն ինչ արվում է մի բանի համար, որպեսզի ցույց տան, որ իրենք ոչ մի բանի առջև չեն կանգնելու վերարտադրվելու համար»։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե հիմա Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, ՔՊ–ն նորից չի ընտրվի. «Բայց Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանրապետությունում ոչ մի բան բացառել պետք չի։ Կարծում եմ, որ Գյումրիի ընդդիմադիր ֆրակցիաները այսօրվանից սկսած կոնսուլտացիաների մեջ պիտի լինեն, կապը պիտի պահեն Վարդան Ղուկասյանի ֆրակցիայի հետ, որպեսզի հասկանանք մեր հետագա գործողությունների քայլերը։ Ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է, այնպես որ դեռ ժամանակ կա վերադասավորվելու։ Եթե իրենք կարողանան, չգիտեմ, բռնաճնշումներով, քրեական գործեր հարուցելով փորձեն չեզոքացնեն երկու կամ երեք ավագանու ներկայացուցիչների, այդտեղ արդեն խնդիր կունենանք»։