Փաշինյանն ու Էստոնիայի նախագահը քննարկել են Հ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը:

Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Ալար Կարիսը նշել է հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը՝ ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկուստեք հանձնառության մասին՝ ամրապնդելու Հայաստան-Էստոնիա օրակարգը և զարգացնելու քաղաքական երկխոսությունը նոր որակի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը:

Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում:

Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ: