Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը։
Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով, բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում, առաջին ընթերցմամբ, փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգիրքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Ահա, թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»:
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար:
Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները և թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից:
Հայաստանում չպետք է հանդուրժվի իշխանության յուրացում, ոտնձգություն սահմանադրական կարգի և ընտրական ինստիտուտների դեմ»,- գրել է Սուրենյանցը։