Հայաստանի գործող իշխանությունը Երևանի Կենտրոն համայնքում «էթնիկ զտումներ» է իրականացնում՝ «եվրոպական» գույքահարկ սահմանելով՝ «հայկական աշխատավարձերի» պայմաններում։ Այս մասին Երևանի կենտրոնում անցկացվող իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը հիշեցրել է, որ հարկային օրենսդրության փոփոխություններն ընդունվել են 2020 թվականին՝ COVID-19 համավարակի և արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում։ Նրա խոսքով՝ այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը զգալիորեն մեծացրել է քաղաքացիների գույքի հարկային բեռը։ Նա նշել է, որ նախկինում Հայաստանի մարզերի բնակիչներն օգտվում էին անշարժ գույքի արժեքի մինչև 3 միլիոն դրամ արտոնյալ շեմից, սակայն հետագայում այդ շեմը չեղարկվեց, և հարկային բեռը, ըստ նրա, դարձավ համընդհանուր։ «Հիմա Հայաստանում չկա որևէ մեկը, ով չի ընկնում այս բարձր գույքահարկի տակ»,- հայտարարել է Մարուքյանը՝ պնդելով, որ իր քաղաքական ուժը խորհրդարանական միակ խմբակցությունն էր, որը դեմ է քվեարկել այդ փոփոխություններին և առաջարկել այլընտրանքային լուծումներ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարեփոխումների սոցիալական ասպեկտին՝ որպես օրինակ բերելով Երևանի Կենտրոն համայնքիայն բնակիչներին, ովքեր ապրում են ժառանգություն ստացած անշարժ գույքում և գոյատևում են թոշակով։ Նրա խոսքով՝ նման դեպքերում մարդիկ հայտնվում են մի իրավիճակում, երբ ի վիճակի չեն լինում վճարել կտրուկ բարձրացած հարկը։
Մարուքյանը նաև փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ով Կենտրոն համայնքի բնակիչներին առաջարկել էր «վաճառել բնակարանը և տեղափոխվել ավելի մատչելի թաղամասեր», ինչպիսիք են Նորքի զանգվածը կամ Փարաքարը։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ նման մոտեցումն իսկապես «էթնիկ զտում» է, քանի որ ակնհայտորեն դուրս է մղում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին քաղաքի կենտրոնական շրջաններից։
Իր ելույթում նա տեղի ունեցողը բնութագրել է որպես «բնակչության վրա գործադրվող սոցիալական ճնշում» և հայտարարել, որ հարկային համակարգը անհամաչափ է դարձել քաղաքացիների եկամուտների նկատմամբ։ «Սրանք եվրոպական հարկեր են՝ հայկական աշխատավարձերի պայմաններում»,- հայտարարել է նա։
Մարուքյանը պնդում է, որ գույքահարկը հաշվարկվում է՝ ելնելով անշարժ գույքի շուկայական արժեքից, որն, իր կարծիքով, այսօր արհեստականորեն ուռճացված է։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ընտրություններին մասնակցող և ոչ մի այլ քաղաքական ուժ դեմ չի արտահայտվել այդ փոփոխություններին, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը», նրա խոսքով, խորհրդարանում հետևողականորեն քննադատել է այս բարեփոխումը։
Ի վերջո, նա ընտրողներին կոչ է արել աջակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և քվեարկել 19 համարի օգտին՝ հայտարարելով, որ խորհրդարան վերադառնալու դեպքում քաղաքական ուժը մտադիր է հասնել հարկային համակարգի վերանայմանը և այն բնակչության եկամուտներին համապատասխանեցնելուն։



