Փաշինյանի թիմը շատ hակառակորդներ ունի․ Արցախի...

Հայ հասարակությունը տարբեր կերպ է արձագանքել Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացմանը, սակայն ընդհանուր առմամբ, արձագանքները դրական են եղել. մենք որևէ բացասական արձագանք չենք տեսել երևանցիների կողմից։

Այս մասին ադրբեջանական Minval Politika-ի հետ զրույցում ասել է Հայաստան ժամանած  Ադրբեջանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դիլարա Էֆենդիևան։

Նշվում է, որ նա կիսվել է անցյալ շաբաթ Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի տպավորություններով։

«Իհարկե, սա իմ առաջին հանդիպումը չէր այս ձևաչափով իմ հայ գործընկերների հետ։ Մենք իրականացրել ենք բազմաթիվ տարբեր նախագծեր, այդ թվում՝ խաղաղապահական, բայց սա առաջին անգամն էր, որ մենք դա անում ենք այնպիսի ձևաչափով, որը աջակցություն է ստացել պետական ​​մակարդակով։ Ահա թե ինչու մեր բոլոր գործողությունները վստահություն են ներշնչում այս խաղաղության ծրագրի իրագործելիության և այն լիարժեքորեն իրականացնելու նկատմամբ», - ասել է նա։

 Նրա խոսքով՝ երևանյան հանդիպման ժամանակ մթնոլորտը շատ դրական էր: «Հայաստանի կողմից ներկայացվել են մարդիկ, ովքեր նույնպես խաղաղապահության որոշակի երկար ճանապարհ են անցել, հասկանում են ժողովուրդների միջև կապի վերականգնման, խաղաղ գոյակցության, բարիդրացիության անհրաժեշտությունը, որոնք հնարավոր չեն թվում առանց մարդկանց միջև շփումներ ։ Իսկ մեր հանդիպումը կազմակերպվել էր հենց մարդկանց միջև համագործակցության ուղղությամբ։ Պետք է ասել, որ հասարակությունը տարբեր կերպ է արձագանքում։

Սակայն կան շատ մարդիկ, ովքեր հասկանում են այս գործընթացի անհրաժեշտությունը, որ առաջ շարժվելն անհնար է առանց երկխոսության, և որ հայերի համար մեկուսացումից դուրս գալու միակ ճանապարհը Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումն է»,-հավելել է նա։

Այդ կապակցությամբ Նա նշել է, որ Հայաստանում հասարակությունը բավականին բաժանված է: «Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա վարած քաղաքականությունը շատ հակառակորդներ ունեն՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, այսպես կոչված ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս ուժերը համաձայն չեն նման հարցադրման հետ, նրանք դեռ լի են ռևանշիստական տրամադրություններով և ընդդիմանում են խաղաղությանը։

Փաշինյանի կառավարությունը հանձնառու է խաղաղ կարգավորմանը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը շատ ճկուն քաղաքական գործիչ է, ով արագ գիտակցեց իրականությունն ընդունելու և իրավիճակից Հայաստանի համար առավելագույն օգուտ քաղելու անհրաժեշտությունը», - ասել է նա։

Նա նաև խոսել է երևանցիների արձագանքի մասին՝ «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացիների ժամանմանը. «Այո, մարդիկ, իհարկե, զարմացան՝ տեսնելով ադրբեջանական ինքնաթիռ։ Եվ երբ մենք զբոսնում էինք Երևանում, որոշ մարդկանց դեմքերի արտահայտություններից պարզ էր, որ նրանք հասկանում էին, թե մենք ովքեր ենք։ Բայց որևէ բացասական արձագանք չկար. մենք բացարձակապես որևէ բացասական բան չնկատեցինք։ Կարծում եմ՝ սա նորմալ արձագանք է։ Հատկապես, որ խոսքը Կովկասի մասին է։ Ավելին, դա նորմալ է քաղաքական տեսանկյունից»։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում արմատական ​​խմբերը գնալով ավելի ակտիվացան ուղևորությունից հետո. «Նրանք սկսեցին խոսել ոչ այնքան խաղաղության օրակարգի դեմ, որքան անձամբ իմ դեմ։ Նրանք ասում էին, որ ինձ նման մարդիկ չեն կարող բանակցել. նրանք իմ մասին բացարձակապես անհիմն բաներ էին ասում։

Նրանք գործնականում ինձ դարձրին Լաչինի միջանցքի այսպես կոչված շրջափակման նախաձեռնող՝ պնդելով, որ իմ մեղքն է, որ երեխաներն ու տարեցները մահանում են սովից։

Իմ խնդիրն այն ժամանակ ռուս խաղաղապահների հետ բանակցելն էր, որպեսզի մեր բնապահպաններին թույլ տրվի մուտք գործել Ղարաբաղում գտնվող պղնձի հանքավայրեր։

Բայց քանի որ համաձայնության չհասան, սկսվեց բողոքի ցույցը։

Իմ բոլոր ելույթները կենտրոնացած էին Ադրբեջանի շահերի, երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության և, իհարկե, շրջակա միջավայրի և Ադրբեջանի բնական պաշարների պաշտպանության վրա»։

Շարունակելով երևանյան հանդիպման թեման ՝ նա պատմել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազանգ է ստացել Ռուսաստանում հայկական սփյուռքի մի շատ ազդեցիկ գործչից, որի անունը չի հայտնել:

Նա համոզված է, որ կարևոր է նման պարբերական հանդիպումների կազմակերպումը։

Մեկնաբանելով հայկական կողմի արձագանքը Ադրբեջանի կողմից Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների արգելքը վերացնելու որոշմանը, Էֆենդիևան ասել է. «Դա շատ խորհրդանշական էր, քանի որ այս տեղեկատվությունը հայտնվեց հենց այն պահին, երբ մենք գտնվում էինք Երևանում։ Սա վկայում է, որ Բաքուն ոչ միայն խոսում է խաղաղության մասին, այլև գործողություններ է ձեռնարկում։ Եվ հասկանալի է, որ այս տեղեկատվությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց. նրանք հասկանում են, որ սա մեկուսացումից ազատվելու հնարավորություն է։ Ընդհանուր առմամբ, նրանք մեծ հույս ունեն, որ այս որոշմանը կհաջորդեն որոշ գործնական միջոցառումներ։

Ավելին, այս բոլոր իրադարձությունները դրական ազդեցություն կունենան հայ-թուրքական շփումների վրա։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական պայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի հաստատումն է։ Հետևաբար, իրականացվող միջոցառումները բարենպաստ ֆոն են ստեղծում հայ-թուրքական երկխոսության համար։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և ամուր լոգիստիկ, տնտեսական, մարդասիրական և դիվանագիտական ​​կապերի հաստատումը անհավանական առաջընթաց կլինի մեր ամբողջ տարածաշրջանի համար։

Ես վստահ եմ, որ և՛ Հայաստանը, և՛ մյուս երկրները հասկանում և ընդունում են սա, այդ թվում՝ Ռուսաստանը, որը պարտավոր է ընկալել այս գործընթացները որպես մեր երկրների ինքնիշխան իրավունք՝ ապրելու խաղաղության և ներդաշնակության մեջ», - եզրափակել է Էֆենդիևան։